Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ես չեմ սպասելու, թե երբ է թրիքը կինո դառնալու»

«Ես չեմ սպասելու, թե երբ է թրիքը կինո դառնալու»
31.10.2014 | 00:14

«Մոսկվա» կինոթատրոնում երկու տեսակի ժամանցային ֆիլմեր են ցուցադրում. անորակ ֆիլմը լիքը դահլիճ է ապահովում, ամերիկյան բավական որակյալ ֆիլմի սեանսին ներկա է լինում 7-8 հոգի, որովհետև ռուսերեն է: Այս մասին «Իրատես de facto» ակումբում ասաց կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։ Նրա խոսքով՝ հանդիսատես ունենք, հարցն այն է, թե ինչ ֆիլմ են դիտում. «ՈՒսուցիչներն աշակերտներին տանում են հայկական կատակերգությունների, որովհետև դա է պահանջարկը: Ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ հանդիսատեսն այսպես որակազրկվեց: Պատճառը մշակութային քաղաքականության պակասն է, ու բոլորս ենք մեղավոր»,- եզրահանգեց ռեժիսորը և «Կինոաշունի» շրջանակում վերջերս տեղի ունեցած մի դիպված պատմեց:
Սահմանամերձ գյուղերում կինոցուցադրությունների ժամանակ 15-16 տարեկան պատանին առաջին անգամ ֆիլմ է դիտում ու գոռում. «Պատի վրա մարդ է վազում»: Մյուս դեպքը «Հովերի» խմբավարն է պատմել. սարերում ձայնապնակը միացրել են, Բախ լսել, մի գյուղացի երեխա երկար ժամանակ հետևել է նրանց ու զարմանքով ասել. «Էս ի՞նչ էր»:
«Ինչպե՞ս կարող ես նման կերպ վերաբերվել սերնդիդ հետ, խավարասերն անգամ իր ձագին այդպես չի ոչնչացնում, բարոյազրկում, ճաշակից զրկում»,- ասաց ռեժիսորը, անդրադառնալով կինոմթնոլորտ ձևավորող բազմապիսի կինոփառատոներին, մասնավորապես «Ոսկե ծիրանին», նշեց, որ դրանց շնորհիվ մարդիկ գոնե մի քանի օր դիտում են ֆիլմեր, որոնք նման չեն ամերիկացիների բերած ֆիլմերին. «Ամերիկյան կինոն հանճարեղ է, բայց դրսից գալիս է ամենավատը, մեր երեխաները մնում են դաշտից դուրս, որովհետև հայերեն չեն թարգմանվում լավ կինոն, լավ գրականությունը: Այն, ինչ խորհրդային տարիներին ռուսներն էին մտածված անում, չէին թարգմանում, որ քեզ կապեն իրենց լեզվին, հիմա մենք ենք անում նույն բանը: Ասում են` եկամտաբեր չէ, չի վաճառվում»:
Անվանի կինոօպերատոր ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑՆ իր խոսքում անդրադարձավ «Հայֆիլմ» կինոստուդիայի խնդրին, նշելով, որ իրենց կոլեկտիվը փոքր էր, բայց լավը. «Լավ վարպետներ ենք ունեցել «Մոսֆիլմում»: Դեկորացիաներ էինք սարքում, որ զարմացնում էին: Մեր վերջին վարորդը «կինովարորդ» էր, նա երբեք չէր ասի` ժամս լրացավ, հավելավճար տվեք, նման բան չկար, բոլորը սիրահարված էին կինոյին: Լավ մտածված քանդեցին կինոստուդիան, խաբեցին, թե Հոլիվուդ են սարքելու, կես տարի անց պարզվեց, որ այդ ամենը բլեֆ է: Սկսեցին քանդել՝ տեխնիկան, սարքավորումները: Ստուդիայի գինը 600 հազար դոլար էին սահմանել, որ շատ քիչ է. միայն սանհանգույցը, որ այդ տարածք էինք հասցրել, միլիոններ արժեր: ՈՒնիկալ կահույք ունեինք, երկթևանի, քամի փչող ինքնաթիռներ, այդ ամենը կորավ: Մնացել են դատարկ պատերը»:
Հարց հնչեց` եթե ոչինչ չէին անելու, ինչի՞ համար էին վերցնում տարածքը:
«Կենտրոնից կազինոները պետք է լինեն 13 կմ հեռավորության վրա, «Հայֆիլմը» լրիվ բավարարում է այդ պայմաններին»,- նկատեց Էդգար Բաղդասարյանը: Նրա փոխանցմամբ` նախկին «Հայֆիլմում» սերիալներ են նկարում, հիվանդանոցները, գաղութները, որ տեսնում ենք սերիալներում, այդ բոլորն այնտեղ են, և նրանք, ովքեր նախկինում չէին կարող այնտեղ մտնել անգամ, հիմա տերուտիրական են դարձել: Ինչ վերաբերում է եթերը լցնող ֆիլմերին, ռեժիսորն ասաց, որ ականատես է եղել նկարահանման ընթացքին Հյուսիսային պողոտայում, որին ներկա են եղել դերասանն ու օպերատորը: Եվ մեղադրեց ոչ թե նկարահանողներին, այլ նրանց, ովքեր նայում են դա` վճարելով 2000 դրամ:
Կա կարծիք, որ քանակն աստիճանաբար իր հետ որակ կբերի: «Դա խեղաթյուրված հասկացողություն է, նման բան գոյություն չունի,- ասաց Էդգար Բաղդասարյանը։- Մարքսը շատ վատ է հասկացել Հեգելին, թե քանակ կա, որ որակ է դառնում: Ես հակառակ օրինակը կբերեմ. 100 տոննա թրիքը մի օր դառնում է 100 գրամ սև ձկնկիթ: Նստեք, սպասեք, ես չեմ սպասելու, թե երբ է թրիքը կինո դառնալու»:
Լևոն Աթոյանցը նկատեց, որ գնում են ժամանակակից ցանկացած սրճարան ու նկարահանում են անցած դարը. «Ո՞նց կարելի է, հանդիսատեսը հիմա՞ր է, ի՞նչ է»: Անդրադառնալով մեր հարցին` երիտասարդները չե՞ն փորձում սովորել բազմավաստակ օպերատորից, պատասխանեց. «Առանց կինոստուդիայի ինչպե՞ս կարելի է կինոգործիչ դաստիարակել, եթե չմտնի-տեսնի տաղավարն ինչ է, լույսը ոնց են դնում: Շնորհքով երեխաներ կան, բայց միջավայրը լավը չէ, մեկը մյուսի վրա վատ ազդեցություն է ունենում: Բացի այդ, օպերատոր դառնալու համար արվեստ պետք է իմանաս, զարգացած լինես, աչքդ «տեսած» լինի: Նախկինում ասիստենտները դառնում էին օպերատոր։ Արտակարգ տաղանդավոր մարդկանց հետ էին շփվում, այդ միջավայրը ակադեմիա էր»:
«Ես իմ ուսանողներին ասում եմ` դիպլոմով ռեժիսոր չեն դառնում»,- հաստատեց Էդգար Բաղդասարյանը: Լևոն Աթոյանցն էլ հավելեց, թե ինստիտուտներում նախկինում սովորեցնում էին մտածել, հիմա` ընդամենը հիշել: Հիշեցիր՝ գնահատականը դնում են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 28382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ